«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

ԱՄՆ-Իրան. միջուկային շեմը և աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Արևմտյան կիսագունդ

ԱՄՆ-Իրան. միջուկային շեմը և աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Արևմտյան կիսագունդ
17.03.2026 | 11:45

Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը Միացյալ Նահանգներին կանգնեցրել է ռազմավարական երկընտրանքի առջև։ Իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար կա՝ արագ դուրս գալ ռազմական գործողությունից կամ հակամարտության հետագա էսկալացիա (սրում)։ Առաջին տարբերակը թույլ է տալիս պահպանել իրավիճակի կառավարելիությունը և նվազագույնի հասցնել համակարգային ռիսկերը։ Երկրորդը բացում է հետևանքների մի շղթա, որը կարող է հանգեցնել միջուկային զսպման գործող ճարտարապետության կործանմանը։

Էսկալացիայի գլխավոր ռիսկը միջուկային շեմի հատումն է։ Խոսքը մարտավարական միջուկային զենքի (ՄՄԶ) հնարավոր կիրառման մասին է։

Նույնիսկ ՄՄԶ-ի սահմանափակ կիրառումն Իրանի դեմ կդառնար գլոբալ մասշտաբի իրադարձություն։ 1945 թվականից ի վեր գործում է միջուկային զենքի օգտագործման անձայն միջազգային տաբու։ Դրա խախտումն ինքնաբերաբար փոխում է խաղի կանոնները միջուկային ներուժ ունեցող բոլոր պետությունների համար։

Եթե ԱՄՆ-ն առաջինը կիրառի ՄՄԶ ժամանակակից դարաշրջանում, դա կընկալվի որպես նման քայլի փաստացի օրինականացում այլ երկրների համար։

Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին, որը փաստարկ կստանա տարածաշրջանային հակամարտություններում մարտավարական միջուկային զենք կիրառելու համար։ Սակայն հետևանքները չեն սահմանափակվի միայն Ռուսաստանով։

Հյուսիսային Կորեան կարող է նման նախադեպը մեկնաբանել որպես իր միջուկային ռազմավարության ճշմարտացիության հաստատում։

Պակիստանը լրացուցիչ հիմքեր կստանա Հնդկաստանի հետ դիմակայությունում միջուկային զենքի կիրառման շեմն իջեցնելու համար։

Փաստացի տեղի կունենա միջուկային զսպման միջազգային ռեժիմի փլուզում, որը ձևավորվել էր տասնամյակների ընթացքում։

Այսպիսով, Իրանի դեմ ՄՄԶ-ի կիրառումը կլիներ ոչ թե պարզապես մերձավորարևելյան հակամարտության մի դրվագ, այլ իրադարձություն, որը շղթայական ռեակցիա կսկսեր անվտանգության համաշխարհային համակարգում։ Հենց այդ պատճառով Վաշինգտոնի համար կրիտիկական կարևորություն ունի այդ գիծը չհատելը։

Մերձավորարևելյան ճգնաժամին զուգահեռ նկատվում է ևս մեկ գործընթաց՝ ԱՄՆ-ի ռազմավարական վերակողմնորոշումը դեպի Արևմտյան կիսագունդ։ Ամերիկյան քաղաքական ավանդույթում այս ուղղությունը կապված է Մոնրոյի դոկտրինի հետ, որը բխում էր հետևյալ սկզբունքից՝ որևէ արտաքին ուժ չպետք է կայուն ազդեցություն ունենա Ամերիկայում։ Վերջին տարիներին այս տրամաբանությունն աստիճանաբար տրանսֆորմացվում է այն բանին, ինչը պայմանականորեն կարելի է անվանել «Մոնրոյի դոկտրին 2.0»՝ կուրս դեպի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի նկատմամբ լիակատար աշխարհաքաղաքական վերահսկողության վերականգնում։

Այս գործընթացի առանցքային տարրն է դառնում Կուբան։ Երկիրը գտնվում է խորը էներգետիկ ճգնաժամի մեջ։ Էլեկտրամատակարարումն անկայուն է, վառելիքի մատակարարումները կրճատվում են, ենթակառուցվածքները քայքայվում են։

Ընդ որում, Կուբան փաստացի մնացել է առանց իր ավանդական գործընկերների համակարգային աջակցության։ Ռուսաստանը չունի ռեսուրսներ կղզուն երկարաժամկետ սուբսիդավորելու համար, իսկ Չինաստանը վերջին տարիներին զգալիորեն կրճատել է ակտիվությունը Կարիբյան տարածաշրջանում։

Արտաքին աջակցության թուլացումը կտրուկ բարձրացնում է կուբայական վարչակարգի խոցելիությունը։ Տնտեսական վիճակն աստիճանաբար նախադրյալներ է ստեղծում երկրի քաղաքական տրանսֆորմացիայի համար։ Վաշինգտոնի համար սա նշանակում է ռազմավարական հնարավորությունների պատուհանի բացում։ Կուբայի նկատմամբ վերահսկողությունը միայն խորհրդանշական նշանակություն չունի։ Աշխարհագրորեն կղզին գտնվում է ԱՄՆ ափերից ընդամենը 150 կիլոմետր հեռավորության վրա և վերահսկում է Կարիբյան ավազանի կարևորագույն մասը։

Ամերիկյան ռազմավարության տեսանկյունից Կուբայի վերադարձն ԱՄՆ ազդեցության գոտի կնշանակեր Արևմտյան կիսագնդի վերջին աշխարհաքաղաքական ճեղքերից մեկի փակում։ Դա նաև կբացառեր ապագայում կղզին Չինաստանի համար հենակետի վերածելու հնարավորությունը։ Վաշինգտոնի համար նման սցենարը հատկապես զգայուն է, քանի որ Կուբայում չինական ռազմական ենթակառուցվածքների հիպոթետիկ հայտնվելը կնշանակեր Կարիբյան ճգնաժամի իրավիճակի կրկնություն, բայց արդեն նոր կոնֆիգուրացիայով։

Միաժամանակ նկատվում է Լատինական Ամերիկայում Ռուսաստանի և Չինաստանի դիրքերի թուլացման ավելի լայն գործընթաց։ Վերջին տարիներին նրանց ազդեցությունը նկատելիորեն նվազել է միանգամից մի քանի առանցքային կետերում։ Բոլիվիան դադարել է դիտարկվել որպես հուսալի աշխարհաքաղաքական գործընկեր։ Պանամայի ջրանցքի շուրջ ուժեղացել է ԱՄՆ ճնշումը չինական ենթակառուցվածքային նախագծերի վրա։ Վենեսուելան ապրում է երկարատև տնտեսական և քաղաքական ճգնաժամ, ինչը սահմանափակում է նրա դերը որպես ուժի այլընտրանքային կենտրոնների տարածաշրջանային դաշնակից։ Կուբան մնում է Կարիբյան ավազանում հին հակաամերիկյան կոնֆիգուրացիայի վերջին խորհրդանշական տարրը։

Այս գործընթացները դժվար է բացատրել բացառապես Վաշինգտոնի ակտիվ քաղաքականությամբ։ Ավելի շուտ խոսքը գլոբալ ռեսուրսների վերաբաշխման մասին է։ Ռուսաստանը կենտրոնացած է եվրոպական թատերաբեմում և Լատինական Ամերիկայում լայնածավալ նախագծերի հնարավորություն չունի։ Չինաստանը, ընդհակառակը, ջանքերը կենտրոնացնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Թայվանի շուրջ, ինչը նվազեցնում է նրա ակտիվությունը Արևմտյան կիսագնդում։

Այս ֆոնին ԱՄՆ-ի համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնսոլիդացիայի հնարավորություն է բացվում։ Նման մոտեցումն ունի նաև ներքաղաքական չափում։ Ամերիկյան արտաքին քաղաքականությունը միշտ սերտորեն կապված է էլեկտորալ տրամաբանության հետ։ Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին Կարիբյան ավազանում ցանկացած ռազմավարական ձեռքբերում կարող է դառնալ ներքին քաղաքականության կարևոր գործոն։

Հատկապես դա վերաբերում է Ֆլորիդա նահանգին։ Այս տարածաշրջանում բնակվում է ստվար կուբայական սփյուռք, որի համար Կուբայի ճակատագիրը մնում է առանցքային քաղաքական հարց։ Կուբայական վարչակարգի ցանկացած թուլացում կամ տրանսֆորմացիա ինքնաբերաբար ուժեղացնում է այն ամերիկացի քաղաքական գործիչների դիրքերը, ովքեր կողմնակից են Հավանայի նկատմամբ կոշտ գծին։

Ամերիկացի զանգվածային ընտրողի տեսանկյունից իրավիճակը բավականին պարզ է թվում։ Մերձավորարևելյան հակամարտություններն ընկալվում են որպես բարդ և հեռավոր խնդիրներ։ Շատ ամերիկացիներ վատ են կողմնորոշվում տարածաշրջանի աշխարհագրության մեջ և ուղղակի կապ չեն տեսնում Իրանի իրադարձությունների և սեփական առօրյա կյանքի միջև։ Կուբան, ընդհակառակը, գտնվում է կողքին, պատմականորեն կապված է ԱՄՆ-ի հետ և ընկալվում է որպես ամերիկյան արտաքին քաղաքականության հասկանալի մաս։

Հետևաբար, նույնիսկ սահմանափակ հաջողությունը կուբայական ուղղությամբ կարող է զգալիորեն ավելի մեծ քաղաքական էֆեկտ ունենալ ԱՄՆ-ի ներսում, քան ցանկացած բարդ գործողություն Մերձավոր Արևելքում։ Հանրապետականների համար սա հատկապես կարևոր է։ Կարիբյան ավազանում հաջողությունը կարող է ամրապնդել աջակցությունը լատինամերիկյան էլեկտորատի շրջանում և ձևավորել երկարաժամկետ քաղաքական կապիտալ ապագա նախագահական արշավների համար։

Ռազմավարական իմաստով նման տրամաբանությունը հիշեցնում է դասական աշխարհաքաղաքական ստրատագեմաները՝ ուշադրության շեղում մի ուղղությամբ՝ հանուն մյուս ուղղությամբ նպատակների հասնելու։ Նույնիսկ եթե մերձավորարևելյան գործողությունը չբերի սպասված արդյունքների, դրա հետևանքները կարող են փոխհատուցվել սեփական կիսագնդում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ամրապնդմամբ։

Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է հանգեցնել յուրօրինակ «ամերիկյան մակրոտարածաշրջանի» ձևավորմանը՝ հարաբերական կայունության գոտի, որը ներառում է Հյուսիսային Ամերիկան, Կարիբյան ավազանը և Լատինական Ամերիկայի զգալի մասը։ Եվրասիայում աճող անկայունության պայմաններում նման ռազմավարությունը կարող է դիտարկվել որպես Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող աշխարհաքաղաքական «անվտանգության կղզի» ստեղծելու փորձ։

Այսպիսով, Իրանի շուրջ ճգնաժամի զարգացումը և Կուբայում տիրող իրավիճակը համաշխարհային համակարգի ավելի լայն տրանսֆորմացիայի մաս են կազմում։ ԱՄՆ-ը կանգնած է գլոբալ ռազմական ներգրավվածության շարունակման և սեփական աշխարհաքաղաքական տարածքի նկատմամբ վերահսկողության ամրապնդման վրա ռեսուրսների կենտրոնացման միջև ընտրության անհրաժեշտության առջև։ Այն բանից, թե որ տարբերակը կընտրվի, կախված է ոչ միայն մերձավորարևելյան ճգնաժամի ելքը, այլև առաջիկա տասնամյակների համաշխարհային քաղաքականության կոնֆիգուրացիան։

Տիգրան ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ